Իրանը հերթական անգամ հորդորել է Ադրբեջանին հասկանալ Իսրայելի իրական մտադրությունները
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին պաշտոնական Բաքվին հորդորել է բացատրություն տալ Իսրայելի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին իսրայելական կողմի հայտարարությունների վերաբերյալ։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանցի դիվանագետը շեշտել է՝ Իսրայելի արտգործնախարարի նման հայտարարությունը հերթական անգամ փաստում է, որ սիոնիստները (նկատի ունի Իսրայելին - խմբ․) նպատակ ունեն Ադրբեջանի տարածքը վերածելու Իրանի համար սպառնալիքի, և դատապարտել է նման մտադրությունները։
Քանաանին ուշադրություն է հրավիրել Իրանի և Ադրբեջանի միջև առկա ամուր պատմական և կրոնական կապերի առկայության վրա։ «Թեհրանն ակնկալում է, որ Բաքվի իշխանությունը նույնպես կխուսափի Իրանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների թշնամիների թակարդն ընկնելուց»,- ասել է նա։
Իրանի ԱԳՆ պաշտոնական խոսնակը հավելել է, որ իրանական կողմը մշտապես փորձել է տապալել չարակամների ջանքերը, որոնք ձգտում են հեռավորություն ստեղծել երկու հարևան երկրների միջև։ Նրա խոսքով՝ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ Իսրայելի ռեժիմի դավադրությունների հանդեպ։
Добавить комментарий