Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են. ՌԴ ՆԳՆ ղեկավար
ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը Մոսկվայում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են։
«Կոլոկոլցևը վստահություն է հայտնել, որ ռուս–հայկական հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ ՌԴ ՆԳՆ–ի ղեկավարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման բարդ պատմական ժամանակաշրջանի վրա. ««Հավաքական Արևմուտքի» կողմից մեր երկրի դեմ հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը դարձել է ռուսատյաց տրամադրությունների մշակումը հետխորհրդային տարածքի պետություններում»։
Կոլոկոլցևը նաև կարևորել է ՀԱՊԿ ձևաչափում բազմակողմ փոխգործակցության արդիականությունը և դրանում հայ գործընկերների ակտիվ մասնակցությունը։
Добавить комментарий