Լեհաստանը նախատեսում է Հայաստանում ԵՄ դիտորդների ներգրավվածության ընդլայնում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարեւոր ձեւաչափ է`առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, խոսելով 2023 թ. Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության եւ օրակարգային հարցերի վրա: Ընդգծվել է նաև հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ, ուստի հետևում են ՀՀ-ում կատարվող քայլերին:
ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով:
«Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է: Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- նշել է նա:
Добавить комментарий