Опубликовано detq-editor -
2

Իրանի կառավարության խոսնակը հայտնել է, որ ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ալի Բահադրի Ջահրամին անդրադարձել է Սիրիայում իրանցի երկու ռազմական խորհրդականի նահատակությանը՝ նշելով, որ ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա։ Ինչպես հայտնում է «Դետք»-ը, այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ սիոնիստները և պետական մակարդակով ահաբեկչություն իրականացնողները ճգնաժամի ժամանակ սահմաններից դուրս նման գործողություններ իրականացնելու սովորություն ունեն՝ հասարակական կարծիքը, ինչպես նաև իրենց երկրներում առկա ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար։

Իրանի կառավարության խոսնակը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։ Նա նշել է, որ Սիրիայի դեմ սիոնիստների հարձակումների շարունակությունն այս երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում է և ուղղված է ահաբեկչության ամրապնդմանը:

Նշենք, որ ուրբաթ Դամասկոսի արվարձանների վրա Իսրայելի իրականացրած ավիահարձակման հետևանքով զոհվել են ԻՀՊԿ ռազմական խորհրդականներ Միլադ Հեյդարին և  Մողդադ Մեհղանի Ջաֆարաբադին: Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ սիոնիստների կործանիչները ռմբակոծել են Դամասկոսում գտնվող մի շարք թիրախներ, այդ թվում՝ Դիմաս շրջանը:

Добавить комментарий