Опубликовано detq-editor -
Իրանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում. Ժաննա Վարդանյան  

Իրանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում. Ժաննա Վարդանյան  

«168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ Ժաննա Վարդանյանը խոսել է Իրանի արտաքին քաղաքականության ուղղվածությունների և առանձնահատկությունների մասին:

«Նախորդ տարիներին Իրանի համար առաջնային ուղղություն էր Սիրիան և Մերձավոր Արևելքը, բայց 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասն Իրանի համար հավասարվել է Մերձավոր Արևելքին: Դա են փաստում նաև այն կադրային նշանակումները, որն իրանական կողմը պատրաստվում է իրականացնել մասնավորապես Հայաստանում և Ադրբեջանում՝ փոխելով դեսպաններին: Այսօր այս տարածաշրջանը շատ կարևոր է Իրանի համար, և անգամ Իրանի նախկին իշխանությունները բավականին մեծ քննադատության էին արժանանում Հարավային Կովկասն անտեսելու համար: Իրանը գալիս և լրացնում է այդ բացը հիմա»,- նշում է իրանագետը:

Ժաննա Վարդանյանի խոսքով՝ Իրան-Ադրբեջան խորքային խնդիրներ ունեցող հարաբերություններին արցախյան վերջին պատերազմից հետո գումարվել են նոր խնդիրներ. «Պատերազմից հետո սկսված հարաբերությունների լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլ հակառակը՝ գնալով ավելի է սաստկանում, որի ականատեսն ենք լինում հատկապես վերջին ամիսներին: Այստեղ առանձնահատկություն է այն, որ հենց Ադրբեջանի կողմից է ավելի շատ հրահրվում լարվածությունը: Կարծես Ադրբեջանը տարբեր պատրվակներ է փնտրում՝ Իրանի հասցեին ինչ-որ հայտարարություններ անելու համար: Նույն Իրանում Ադրբեջանի դեսպանատան միջադեպն իրենք օգտագործեցին Իրանի դեմ՝ Իրանին ահաբեկչական պետություն որակելու համար, այսօր պատգամավորի մահափորձի մեջ են Իրանին մեղադրում, իբրև թե տարբեր լրտեսական ցանցեր են իրենց երկրում հայտնաբերում: Այսինքն՝ այդ լարվածության շարժիչ ուժն Ադրբեջանն է, և դրա հիմքում է ընկած այդ նույն էսկալացիոն գործողությունները, որ Ադրբեջանն իրականացնում է Սյունիքի ուղղությամբ: Իրանական կողմը շատ ավելի զուսպ և հավասարակշռված է տրամադրված:

Եթե անգամ համեմատում ենք իրենց պաշտոնական հայտարարությունները, ադրբեջանական կողմի հայտարարությունները հիստերիա են հիշեցնում, իսկ իրանական կողմը, եթե անգամ մեղադրանք է հնչեցնում, դա անում է հավասարակշռված և զուսպ ձևակերպումներով: Իրանը հայտարարում է, որ իր համար կարևոր են բոլոր հարևանների հետ հարաբերությունները, և Ադրբեջանն այստեղ ևս բացառություն չէ: Չմոռանանք, թե պատմականորեն ինչ մոտեցում ունի Իրանը Հարավային Կովկասի նկատմամբ. այն Իրանի համար պատմական տարածք է ընկալվում, որից իրենք զրկվել են ռուս-պարսկական պատերազմների հետևանքով: Հենց սրա պատճառով է, որ Իրանը շատ խանդով է վերաբերվում այս տարածաշրջանում որևէ արտաքին ներկայության կամ միջամտության»:

Նրա դիտակմամբ՝ Ադրբեջանը կարծես ամեն ինչ անում է, որ տանի Իրանի հետ հարաբերությունների խզման. «Ես սա չէի պայմանավորի միայն Իսրայելի գործոնով: Իհարկե, Ադրբեջանն իր թիկունքում շատ լայն աջակցություն է զգում թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի տեսքով, և այս պարագայում, երբ ունի հակասող շահեր Իրանի հետ,  փորձում է դաշնակիցներ գտնել նաև Արևմուտքում: Դրա վառ վկայությունն է նաև այն, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը սահմանակցում է Իրանին: Այսինքն՝ Ադրբեջանը, որը ունի հակասող շահեր Իրանի հետ, քանի որ Իրանը հստակ դեմ է դուրս գալիս «Զանգեզուրի միջանցք»-ին, այս ֆոնին առաջ է տանում իր քաղաքականությունը՝ զուգահեռաբար օգտվելով մյուս երկրների աջակցությունից: Իսրայելն ու Ադրբեջանն իրենց հակաիրանական գործողություններում փոխլրացնում են միմյանց»:

Добавить комментарий