Թուրքիայի պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել են Թուրքիայում միակ հայկական գյուղ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը եղել են երկրաշարժից տուժած հայկական Վաքըֆլը գյուղում։
Հաղորդվում է, որ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը զննել է գյուղում գտնվող թանգարանը և տները, որոնք տուժել էին ավերիչ երկրաշարժերից։ Գյուղում տիրող իրավիճակի վերաբերյալ Աքարին տեղեկություններ է հաղորդել Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը։
Աքարը զրուցել է գյուղացիների հետ, որոնց շարքում է եղել նաև տեղի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարը։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Աքարին այցի համար՝ նշելով, որ գյուղում իրենք ցույց են տվել համատեղ ապրելու ամենագեղեցիկ օրինակները։
Չափարը գոհունակություն է հայտնել, որ երկրաշարժերից հետո Թուրքիայի պետական կառույցները եղել են իրենց կողքին։ Նրա խոսքով՝ «թուրքերի և հայերի միջև հազարամյա բարեկամություն և համերաշխություն կա»։
Աքարն էլ ի պատասխան արձագանքել է․ «Մենք բոլորս՝ 85 միլիոնս, վշտի և ուրախության մեջ մեկ ենք, միասնական ենք, մեկ սիրտ և մեկ բռունցք ենք։ Բոլորս Թուրքիայի Հանրապետության պատվավոր, առաջին կարգի քաղաքացիներն ենք։ Այս դրոշը մեր դրոշն է, Անկարան մեր մայրաքաղաքն է»։
Добавить комментарий