«Թուրքիան և Հունաստանը կարող են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»․ Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ հանդիպմանը նշել է․ «Մեր անկեղծ ցանկությունն է, որ Էգեյան և Միջերկրական ծովերն այժմ իսկապես դառնան բարեկամության ծով՝ ստեղծելով հարատև համագործակցության միջավայր»:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հուլուսի Աքարը երկրաշարժից տուժած հարավային Հաթայ նահանգում Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան «ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարևան Հունաստանի հետ»։ Նաև ընդգծել է, որ Հունաստանը զգալի ներդրում է ունեցել երկրաշարժից տուժած շրջաններում ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում։
«Իհարկե, մենք ունենք որոշ խնդիրներ և պետք է լուծենք այդ խնդիրները։ Թուրքիան և Հունաստանը, որպես երկու քաղաքակիրթ երկրներ, կկարողանան այդ խնդիրները լուծել բարիդրացիական հարաբերությունների, միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և երկխոսության շրջանակում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով»,- հավելել է Աքարը։
Աքարը նշել է, որ հույս ունի՝ երկրաշարժից հետո առաջացած դրական, կառուցողական մթնոլորտը կպահպանվի, և երկխոսության դռները կբացվեն:
Добавить комментарий