Նարեկ

Փաշինյանի և Պապիկյանի այն պնդումը, թե ՀՀ-ն տարածքներ չի կորցրել 2025-ին, սուտ է, մեր բացահայտումներով հերքվում է. Նարեկ Պարոնյան

Մեր այցի պատճառը շատ պարզ է. հերթական խաբեությունն ու տարածքների զավթում է տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, որը հստակ փաստերով կներկայացնեմ։ 

Օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս հրավիրեց և ներկայացրեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ներխուժումներ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածք, ի հակառակ Նիկոլ Փաշինյանի և գործող վարչակարգի կեղծ պնդումների, թե ոչ մի ներխուժում չկա, ամեն ինչ վերահսկելի է:

 Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ, Պաշտպանության նախարարության մոտ ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը:

Նա նշել է, որ պրոֆեսիոնալների կողմից իրականացվել են երկարատև ուսումնասիրություններ և հետազոտություններ, նաև ունեն արբանյակային լուսանկարներ: Պարոնյանը ցույց է տվել այն փաստաթղթերն ու նկարները, որոնք պատրաստվում են հանձնել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պահանջելով այն հարցի պատասխանը, թե ինչու է այդ ամենը գաղտնի պահվել հասարակությունից: 

«Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի են ունեցել դիրքային առաջխաղացումներ, ամրացրել են իրենց դիրքերը: Վարդենիսի տարածաշրջանում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն, ընդ որում, եթե մենք նայում ենք արբանյակային լուսանկարներով, 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ այդ դիրքերը չկային»,-մանրամասնել է Պարոնյանը:

Նա հավելել է՝ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի այն պնդումը, թե ՀՀ-ն տարածքներ չի կորցրել 2025 թվականին, իրենց բացահայտումներով հերքվում է:

«2025 թվականին Հայաստանն ունեցել է տարածքային կորուստներ, թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում: Ներկայացված փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը կտոր-կտոր ներխուժում է Հայաստան, կտոր-կտոր վերցնում է մեր հայրենիքի տարածքները, իսկ այս մարդիկ՝ գործող իշխանությունը հերթական անգամ խաբում է ժողովրդին:

Մեր այս բացահայտումներից հետո տեսաք՝ ինչ լկտի պահվածքով, փողոցային բառապաշարով մերկապարանոց հայտարարություններ սկսեցին անել: Մենք նրանց հստակ ասում ենք՝ պարոնա՛յք, մենք ունենք փաստեր, արբանյակային լուսանկարներ, կոորդինատներ, եթե կարող եք հստակ փաստերով հերքեք, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք: Եթե չեք հերքում, պատասխան տվեք մեր հանրությանը՝ ինչու եք խաբել: Ադրբեջանը նորից ներխուժել է Հայաստան, նորից անվտանգային խնդիրներ է առաջացրել Ջերմուկի և Վարդենիսի տարածաշրջանում, իսկ այս մարդիկ կարկանդակ ուտելով են զբաղվում»,-ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։

Добавить комментарий