Опубликовано detq-editor -
Expo razmakan

Ռազմական կրթությունը` հայրենասեր հասարակություն կրթելու համար. «Կրթություն և կարիերա EXPO 2023»

Այսօր «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկած «Կրթություն և կարիերա EXPO 2023» մասնագիտացված ցուցահանդեսում ռազմական կրթությունն են ներկայացրել նաև ՀՀ ռազմական կառույցները: «Դետք»-ն այցելել է ցուցահանդես և զրուցել ռազմական կրթությունը կարևորող ու հայրենասիրության ոգով իրենց սաներին դաստիարակող կառույցների ներկայացուցիչների հետ: 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Վահե Այվազյանի պնդմամբ՝ մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահել ռազմական կրթությունն ու մարդկանց իրազեկել դրա մասին: 

Изображение удалено.

«Մեր երկրում ստեղծված իրավիճակը վկայում է ռազմական կրթության կարևորության մասին: Որքան էլ մենք խոսենք խաղաղության մասին, խաղաղությունը թելադրում են, ոչ թե խնդրում»,- ասաց Վ. Այվազյանը և հավելեց, որ խաղաղություն թելադրողը մարտունակ բանակն է: 

Մոնթե Մելքոնյանի անվան ՌՄՎ սան Անդրանիկ Ջավադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր շատ հայ երիտասարդներ ցանկություն ունեն ռազմական կրթություն ու գիտելիքներ ստանալու. «Իմ տարեկից շատ տղաներ ուզում են պիտանի լինել Հայրենիքին, ազգի զինվորը դառնալ ու դրա համար փնտրում են համապատասխան հաստատություններ: Այս ցուցահանդեսի շնորհիվ հնարավոր է գտնել այդպիսի վայրեր, ինչպիսին, օրինակ, մեր ռազմամարզական վարժարանն է»: 

Изображение удалено.

Ա. Ջավադյանի պնդմամբ՝ Հայաստանը մշտապես կարիք ունի գրագետ և կրթված զինվորների ու սպաների իր սահմաններն ամուր ու անսասան պահելու համար:

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գագիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ռազմական հաստատություններում ուսանողների թվի աճը կնպաստի, որ ՀՀ-ում մարդիկ ավելի լավ տիրապետեն ռազմական գործին ու լինեն իրենց գործի մասնագետը: 

Изображение удалено.

«Պատմության բոլոր ժամանակաշրջաններում մենք հաճախ ենք շրջապատված եղել թշնամիներով: Այսօր ևս նույն իրավիճակում ենք. թշնամին շատ է, իսկ մեզ դիմակայելու համար միախմբվել ու հզորանալ է պետք»,- ասաց կուրսանտը: 

«Ապագա Զինվոր» ՌՀԴ հիմնադիր-տնօրեն Սարգիս Մուրադյանի խոսքով՝ ռազմական կրթությունը չափազանց կարևոր է հատկապես դպրոցներում՝ սկսած վաղ տարիքից: 

Изображение удалено.

«Հենց դպրոցական տարիքից տղաները պիտի պատրաստված լինեն, որ բանակում ծառայության անցնելու առաջին իսկ օրից վստահ լինեն իրենց ուժերի վրա: Մեր նպատակը գիտակից երիտասարդ բանակ ուղարկելն է, որպեսզի հեշտացնենք սպայի աշխատանքը»,- հավելեց նա:

Добавить комментарий