Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց դիմադրության դրոշներ են տեղադրվել
Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան Թավրիզ քաղաքում մի խումբ երիտասարդներ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց տեղադրել են Հոսեյնիուն անվամբ «Ադրբեջանի դիմադրության ճակատի» դրոշները և բողոքի ակցիա անցկացրել: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ակցիան իրականացվել է ինքնաբուխ կերպով։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Իրանի դեմ ուղղված սադրիչ հռետորաբանության և գործողությունների դեմ։
Նկատենք, որ Իսրայելի և Ադրբեջանի մերձեցումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության ակտիվացումը Թեհրանին լուրջ մտահոգություն են պատճառել։ Այս կապակցությամբ Իրանը նախազգուշացրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմաններում ցանկացած արկածախնդրություն կարժանանա իր խիստ հակազդեցությանը։
Բացի դրանից՝ Թավրիզ քաղաքն Ադրբեջանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ այնտեղ բնակվում են մեծաթիվ ադրբեջանցիներ, և Բաքուն այն համարում է տխրահռչակ Հարավային Ադրբեջանի մայրաքաղաքը։
Добавить комментарий