Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվելու
Ապրիլի 6-ի կառավարության նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում է կայացվել:
Նախագծի համաձայն՝ նախատեսվում է 2023 թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավվել մինչև 2.715 քաղաքացի, որոնցից 2.431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավվելու է մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար սահմանվել է ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետը, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը կիրականացվի ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով:
Добавить комментарий