Ըստ թուրքական կողմի՝ թուրք-հունական հարաբերություններում առաջընթաց կա
Հունաստանի փոխարտգործնախարար Կոստաս Ֆրանգոյաննիսը թուրքական «Անադոլու» պետական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել թուրք-հունական հարաբերություններին։
Նախարարը, անդրադառնալով մարտի 22-ին Թուրքիա կատարած իր այցին, նշել է. «Մեկ շաբաթ առաջ մեկնեցի Անկարա, այնտեղ հանդիպեցի նորանշանակ փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարին, որը փոխարինել էր Սեդաթ Օնալին, վերջինիս հետ նախկինում հանդիպել էի 3 անգամ։ Անդրադարձանք օրակարգային հարցերին։ Մեծ առաջընթաց կա էկոնոմիկային, առևտրին, էլեկտրաէներգիային, տուրիզմին, տրասնպորտին, մշակույթին և սպորտին առնչվող հարցերում»։
Ֆրանգոյաննիսը նաև ընդգծել է Հունաստանի և Թուրքիայի վճռականությունն օրակարգային հարցերի շուրջ լուծումներ գտնելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հարցում։
Ըստ Հունաստանի փոխարտգործնախարարի՝ երկու երկրների միջև մի շարք միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում՝ շրջակա միջավայրի, բնական աղետների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում. «Այն կարող է դրսևորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են ներդրումների կարողությունը, տնտեսության և առևտրի զարգացումը, զբոսաշրջության նպատակով այցելությունները կամ ծովային փոխադրումները»։
Հունաստանի ներկայացուցիչը հույս է հայտնել նաև «դինամիկ համագործակցության» շարունակական լինելու վերաբերյալ և նշել. «Լուծված հարցերը դուրս են գալիս օրակարգից, և օրակարգ նոր հարցեր են մտնում»։
Добавить комментарий