Իրանի մեջլիսը դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսը հատուկ հայտարարություն է ընդունել, որում դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հայտարարության օգտին կողմ է քվեարկել 210 պատգամավոր։ Ընդունված հայտարարությունում Իրանի մեջլիսի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միևնույն ժամանակ Իրանի մեջլիսն Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը որակել է որպես անհավատալի քայլ և շեշտել, որ այն հակասում է իսլամական աշխարհի շահերին։ Բացի դրանից՝ իրանցի պատգամավորներն արաբական և մուսուլմանական այլ երկրների կառավարություններին ու կազմակերպություններին կոչ են արել հետևել իրենց օրինակին և դատապարտել Ադրբեջանի այս նախաձեռնությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությունը, որին մասնակցել է նաև այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի նախագահ Ալիևն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման մասին հայտնել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ Իրանի հետ հարաբերություններում առկա լարվածության ժամանակ։
Добавить комментарий