Միջազգային հանրությունն ականատես է մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելուն. Իրանի օմբուդսմեն
Իրանի Իսլամական Հանրապետության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ միջազգային հանրությունն այսօր ականատես է լինում, թե ինչպես են մարդու իրավունքները և միջազգային մեխանիզմները շահարկվում քաղաքական նպատակներով: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ղարիբաբադին անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագծի հաստատմանը և հատուկ զեկուցողի առաքելությունը մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ «Հօգուտ զեկուցողի առաքելության երկարաձգման տրված ձայների փոքր քանակը վկայում է այն մասին, որ երկրներին չեն բավարարում մարդու իրավունքների հարցի նկատմամբ քաղաքական քայլերը»,- ասել է նա:
Իրանի օմբուդսմենը նշել է, որ Բրիտանիայի և Իսլանդիայի առաջարկած բանաձևի նախագծին կողմ քվեարկած երկրները չեն կարող պնդել, որ իրենք աջակցում են Իրանի ժողովրդի իրավունքներին։ Նրա խոսքով՝ վերջիններս ուղղակի կամ անուղղակիորեն, ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով, այդ ժողովրդի իրավունքների հիմնական ոտնահարողներն են։
Վերջինս նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հատուկ զեկուցող Ջավիդ Ռահմանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, և նրա գործողությունները քաղաքական են ու կողմնակալ։
Добавить комментарий