Իրանն արձագանքել է Ադրբեջանի տարածքում դիվերսիա նախապատրաստելու մասին Իսրայելի հայտարարությանը
Բաքվում Իրանի դեսպանատնից կատեգորիկ հերքել են Իսրայելի ուժային կառույցների վերջին հայտարարություններն այն մասին, թե Իրանի հետ կապ ունեցող անձինք կամ կազմակերպությունները Իսրայելի շահերի դեմ գործողություններ են նախապատրաստել Ադրբեջանում։
«Նման հայտարարությունների նպատակը Իրանի և Ադրբեջանի միջև պառակտում մտցնելն է։ Իսրայելական ահաբեկչական վարչակարգը փորձում է թշնամանք սերմանել հարևանների միջև՝ սեփական նպատակներին այլոց հաշվին հասնելու համար։
Այս վարչակարգը մշտապես ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը և պատերազմը հասցնել Իրանի սահմաններին։ Այդ իսկ պատճառով նրանք օրակարգ են բերել ապատեղեկատվության տարածումն ու «օտար դրոշի ներքո» իրականացվող գործողությունները»։
Դրա մասին են վկայում առկա փաստերը, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կասկածելի հարձակումները, Կասպից ծովում նավահանգստային և նավագնացության ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև տարածաշրջանի օդային ու ծովային ուղիներն ու տնտեսական գործունեությունը ապակայունացնելու փորձերը։
Վերոշարադրյալի համատեքստում անհրաժեշտ է դիմակայել Իրանի և Ադրբեջանի բարեկամական ու եղբայրական հարաբերությունների դեմ ուղղված իսրայելական ահաբեկչական վարչակարգի դավադրություններին և կործանարար գործողություններին»,- նշել են դեսպանատնից։
Добавить комментарий