ՌԴ խաղաղապահները Արցախում կապահովեն գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների, կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։
Վերջին ժամանակահատվածում հատկապես Մարտունու և Ասկերանի շրջաններում աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։
Հաշվի առնելով ադրբեջանական կողմից նման հնարավոր վտանգներն ու խոչընդոտները՝ Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը հորդորում է քաղաքացիներին, շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ, շրջանային վարչակազմերի միջոցով դիմել կենտրոն՝ հնարավոր դեպքերում ապահովելու ռուս խաղաղապահների ուղեկցությունը:
Добавить комментарий