Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն բխում է թշնամիների շահերից. Շամխանին՝ Արմեն Գրիգորյանին
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Շամխանին շեշտել է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը չեն ծառայում որևէ երկրի շահերի, իսկ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու համար հարկավոր է շարունակական երկխոսություն: «Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածություն է ստեղծում, ինչից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու «կոշտ մոտեցմանը» պետք է փոխարինեն շարունակական երկխոսությունը և շփումները: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Կովկասում զգայուն ժամանակաշրջան է՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը:
«Տարածաշրջանի բոլոր կողմերին Իսլամական Հանրապետության կարևորագույն խորհուրդներից են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տարածաշրջանային մարտահրավերները խաղաղ ճանապարհով կարգավորելու համատեղ ջանքերը»,- եզրափակել է նա։
Արմեն Գրիգորյանն իր հերթին հայտնել է, որ Իրանը կարևոր դեր է կատարում Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում:
Добавить комментарий