Ադրբեջանցիները հայ զինծառայողներից պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքները․ մանրամասներ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած մարտից
Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել, հայկական բանակն իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Իրավիճակը հարաբերական կայուն է։ Մարտական գործողություններ չկան։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Մնացած տեղեկատվությունը պաշտպանական գերատեսչությունը ժամանակ առ ժամանակ կտրամադրի»,- ասել է նա։
Ներկայացնելով ապրիլի 11-ի Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մանրամասները՝ Խաչատրյանը նշել է, որ ադրբեջանական մեքենան իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել է հայկական դիրքերին բանակցությունների պատրվակով և պահանջել հայ զինծառայողներից դադարեցնել ինժեներական աշխատանքները։
«Մերոնք արժանի պատասխան են տվել, և պատասխանից հետո մարտական գործողություններ են սկսվել։ Բանակն իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանն արժանի պատասխան են տվել»,- ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։
Պատգամավորը նշել է, որ մարտական գործողությունները դադարեցնելու հարցում որևէ երրորդ կողմի միջնորդություն չի եղել, դրանք դադարեցվել են Հայաստանի Հանրապետության ուժային գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների խոսակցությունների արդյունքում։
«Հարցն այսպես է դրվել՝ շարունակում ենք կռվե՞լ, վերածվո՞ւմ է պատերազմի, թե՞ դադարեցնում ենք։ Վստահ եմ, որ դադարեցման հարցում մեծ դեր է ունեցել նաև այն, որ մեր բանակն իր դիրքերում ամուր կանգնել է և պատասխան հարված է տվել»,- ասել է Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ինժեներական աշխատանքներ չիրականացվեն։
«Հայկական կողմն այնտեղ շատ լուրջ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, իսկ դա, իհարկե, ադրբեջանցիների դուրը չի գալիս, և փորձում են ամեն կերպ խափանել աշխատանքները»,- նշել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Добавить комментарий