Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ
Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Եկեղեցու նկատմամբ անշուշտ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին, և որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին՝ հեռացնել Հայոց Հայրապետին իր պաշտոնից: Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության գնան՝ ձերբակալեն Հայոց Հայրապետին, անշուշտ մենք պետք է ենթարկվենք գործող օրենքին, եթե անարդար է՝ բնականաբար բոլոր միջոցները պետք է կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի: Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևարականների պարագայում՝ մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը և որոշումը:
Որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին: Դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, եկեղեցին ունի իր կոնանական սկզբունքները, պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության տնօրինմանը: Եթե հարցեր կան ընդդեմ Հայոց Հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ, չենք ենթարկվելու ճնշումների, որևէ բռնության»,- նշեց Վեհափառը:
Եզրափակելով իր խոսքը՝ Գարեգին Բ-ն շեշտեց, որ եկեղեցու կեցվածքը բնականաբար ի սեր մեր հայրենիքի ու ժողովրդի է, եկեղեցին ունի կարևոր առաքելություն, որ դարերով իրականացրել է մեր ժողովրդի կյանքում՝ մեր մշակույթի կերտման, հոգևոր, ազգային արժեքների ձևավորման, ինքնության պահպանության և մեր ժողովրդի կյանքի հարատևության երաշխիքները ապահովելու առումով:
Добавить комментарий