Իրանի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հայտնել է, որ երկրի բանակի նոր տեխնիկան կբավարարի առաջիկա պատերազմների կարիքները
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար Սեյյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին հայտարարել է, որ երկրի բանակի արտադրած տեխնիկան և սպառազինությունը, որոնք պատրաստված են հեռակառավարման, ճշգրիտ թիրախային կառավարման, խելացի և ցանցային դառնալու հնարավորություններով, կարող են բավարարել այսօրվա և ապագա պատերազմների օպերատիվ կարիքները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Մուսավին շեշտել է, որ խաղաղությունը, կայունությունը, անկախությունը, անվտանգությունը, սահմանները և իսլամական համակարգը պահպանելու տեսանկյունից ամենակարևոր քայլը բանակի հզորությանը և սեփական ուժերին ապավինելն է։ Նրա խոսքով՝ Իրանի բանակը երկրի գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդության շնորհիվ իր ուշադրության կենտրոնում է պահում բոլոր սպառնալիքները։
Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրանական բանակը, կիրառելով ժամանակակից գիտական տեխնոլոգիաներ և օգտագործելով համալսարանների, գիտելիքի վրա հիմնված ընկերությունների և պաշտպանական արդյունաբերությունների գիտահետազոտական կարողությունները, արտադրում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն։
Մուսավին նաև հավելել է, որ վերջին շրջանում իրանական ռազմական արտադրանքի պահանջարկը մեծացել է։ Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ դիմում են Թեհրանին, որպեսզի իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմատեխնիկա ձեռք բերեն։
Добавить комментарий