4 տարի՝ առանց Հրաչի. այսօր անմահ հերոս Հրաչ Փիլիպոսյանի hիշատակի օրն է
Հրաչ Վաչիկի Փիլիպոսյանը ծնվել է 2002 թ. սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Հրաչը ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։
2021 թ. հունիսի 30-ին զորակոչվել է ծառայության Հայաստանի արևելյան սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում:
Հրաչը շատ էր սիրում ծառայությունը, հրամանատարները միշտ գոհ էին նրանից։ Բանակում ծառայակից ընկերները նրան անվանում էին «անվախ Հրաչ»:
2022 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով Հայաստանի Հանրապետության թիվ 118 մարտական դիրքի՝ Վարդենիսի ուղղությամբ:
Հրաչը այդ ժամանակ մարտական հերթափոխի է եղել Վերին Շորժայի սահմանին։
Դիրքի տարածքում կրակոցներ ու ոտնահետքերի ձայներ լսելով՝ հայտնել է մարտական ընկերներին, ապա գնացել առաջնագիծ՝ 2 զինծառայող ընկերների մոտ: Վերադառնալով իր դիրք և նկատելով, որ հակառակորդը արդեն շրջափակել է և կրակ է վարում ոչ միայն բլրից, այլև հարակից՝ աջ և ձախ հատվածներից, նա իր վրա է վերցրել հրամանատարի պարտականությունները, սկսել է պատասխանել հակառակորդի կրակահերթին՝ այդպիսով դիրքն ու 6 ընկերներին փրկելով շրջափակումից:
55 րոպե համառ կռվից հետո Հրաչը նռնակից վիրավորվել է, ապա դիպուկահարի արձակած կրակից գլխի հատվածում ստացել մահացու հրազենային վնասվածք. ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պարտադիր ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Իսկ 118 մարտական դիրքը վերանվանվել է նրա անվամբ՝ «Հրաչի պոստ»:
«Դետքը» նախորդիվ անդրադարձել էր հերոսի կենսագրությանը՝ նրան նվիրելով «Հավերժի ճամփորդ» շարքի հերթական թողարկումը:
Добавить комментарий