Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանն աջակցում է Բերձորի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմն աջակցում է Բերձորի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները ջանքեր են գործադրում՝ իրավիճակը հանգուցալուծելու համար։
«Մենք կողմ ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը։ Համապատասխան ջանքեր են գործադրվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից՝ մեր գերատեսչության հետ փոխգործակցությամբ։ Հայ և ադրբեջանցի գործընկերներն այդ կապակցությամբ մանրամասն առաջարկներ ունեն»,- նշել է նա։
Զախարովան հայտնել է նաև, որ ռուս խաղաղապահները լուծում են արցախցիներին սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը։ Նա ասել է, որ խաղաղապահներն ամեն օր տասնյակ տոննա մարդասիրական բեռ են ներկրում Արցախ։
«Եվ մենք ակնկալում ենք իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում՝ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով և բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- եզրափակել է նա։
Добавить комментарий