Տեղում Ադրբեջանի ագրեսիան կանխվել է առաջին հերթին հայկական բանակի գործողությունների արդյունքում․ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ագրեսիան կասեցնելու հարցում ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, սակայն խնդիրը լուծվել է առաջին հերթին Հայաստանի զինված ուժերի գործողությունների արդյունքում: Նա այս մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար, մասնակցություն է ունեցել դադարեցնելու գործում:
«Կասկածի տակ չեմ դնում Մարիա Զախարովայի ասածները, որ ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈՒ-ն: Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է թող ՌԴ արտաքին գերատեսչությունն աջ ու ձախ զանգեր աներ, դա խնդրի լուծման չէր տանելու: Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր ԶՈՒ-ի և մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»,- ասել է պատգամավորը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանն էլ, անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, ու այդպես էլ շարունակվելու է:
«Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է՝ ի նպաստ ՀՀ ԶՈՒ զարգացման և մարտունակության բարձրացման»,- ասել է խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Զախարովան այս առնչությամբ հայտնել էր, որ տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար:
Добавить комментарий