ԱՄՆ-ն և Իրանը գիշերը ուժեղ հարվածներ են հասցրել միմյանց
ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը հրթիռային և դրոնային ուժգին հարվածներ են փոխանակել գիշերվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխելու «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»:
Հաղորդվում է, որ ամերիկյան ուժերը մի քանի տասնյակ թիրախների են հարվածել։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադարային կայաններին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողություններին, ինչպես նաև փոքր նավերին՝ կիրառելով ԱՄՆ կործանիչներ, ռազմածովային նավեր, միակողմանի գրոհային անօդաչու թռչող սարքեր և առաջին անգամ՝ միակողմանի գրոհային ծովային անօդաչու սարքեր», - ասված է ԱՄՆ զինված ուժերի հայտարարությունում:
Իրանական պետական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր քաղաքի գյուղատնտեսական ջրային պոմպակայանը։ Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին և բազաներին, այսօր հաղորդել են պետական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային և դրոնային հարվածներ են հասցրել հորդանանյան ռազմաբազաներից մեկի վառելիքի պահեստին և սպառազինության դեպոյին։ Հրդեհ է բռնկվել։
Հորդանանի պետական լրատվական գործակալությունն, իր հերթին, հայտնել է, որ զինուժը վնասազերծել է Իրանից արձակված և երկրի օդային տարածք ներխուժած չորս հրթիռ։
Բահրեյնում օդային տագնապ է հայտարարվել։ ԻՀՊԿ-ի թիրախում Շեյխ Իսա ռազմաբազան է եղել, որտեղ ամերիկյան սպառազինություն է տեղակայված։
Քուվեյթում թիրախավորված երկու ռազմաբազաներում նույնպես, ըստ Թեհրանի, ամերիկյան ռազմամթերք է տեղակայված եղել։ Քուվեյթից հայտնել են, որ վնասազերծում են հրթիռներն ու անօդաչուները։
Добавить комментарий