Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Իտալական «ENI» և ֆրանսիական «TotalEnergies» ընկերությունները որոշել են ներդրում կատարել Կիպրոսի կողմից միակողմանիորեն հայտարարված բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Kronos» բնական գազի հանքավայրում՝ արդյունահանում սկսելու համար։
Նախատեսվում է, որ արդյունահանումը կմեկնարկի 2028-ին։ Ըստ ծրագրի՝ հանքավայրից հանված բնական գազը խողովակաշարով կտեղափոխվի Եգիպտոս, որտեղ կվերամշակվի ու կհեղուկացվի, այնուհետև Եգիպտոսի «Damietta LNG» տերմինալի միջոցով կհասցվի եվրոպական շուկա։
Ըստ կանխատեսումների՝ հանքավայրում առկա է 85 մլրդ խմ արդյունահանման ենթակա բնական գազ և նախատեսվում է տարեկան ստանալ մոտ 2.8 մլն տոննա հեղուկացված բնական գազ (LNG)։
Այս քայլը հերթական լարվածությունն է առաջացրել Արևելյան Միջերկրականում։ Թուրքիան պնդում է, որ հորատման 6-րդ գոտու զգալի մասը գտնվում է իր մայրցամաքային ելուստի սահմաններում։ Միաժամանակ Հյուսիսային Կիպրոսի ինքնավար թուրքական Հանրապետությունն էլ շեշտում է, որ Կիպրոսի տնտեսական միակողմանի գործողությունները ոտնահարում են կիպրոսցի թուրքերի իրավունքները։
Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ հրապարակվող նյութերում նշվում է, որ այս որոշումը զայրացրել է Թուրքիային: Այնուամենայնիվ, որոշումն արդեն իսկ կայացվել է, քանի որ Եվրոպայի համար այս նախագիծն ունի ռազմավարական նշանակություն՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման համար։
Ermenihaber
Добавить комментарий