Զենք կրելու արգելքի ցանկը պետք է լիներ լիբերալ. այնտեղ պետք է լինեին միայն հոգեկան հիվանդներն ու նարկոմանները․ Վովա Վարտանով
Այն պայմաններում, երբ մենք շրջապատված ենք օսմանյան թուրքերով ու մերձկասպյան թուրքերով, երբ ամեն րոպե հարձակման վտանգի տակ ենք, կարծում էի, որ նման պայմաններում զենք կրելու արգելքների ցանկը կլիներ ավելի լիբերալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ասուլիսի ժամանակ նշել է ՈՄԱ («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարտանովը:
«Այսինքն՝ արգելվածների ցանկում պետք է լինեին միայն հոգեկան հիվանդությունները և նարկոմանիան ու վերջ: Հիմա եթե մարդը բրոնխիալ ասթմա ունի, ուրեմն ինքն իրավունք չունի ինքնապաշտպանվելու և իր երեխաներին պաշտպանելո՞ւ: Իմ փոքր տղան, սրտի պրոբլեմ ունենալով, մի կերպ, կռվով-դավով գնաց բանակ, դարձավ սպա, հիմա ինքը փաստորեն իրավունք չի ունենա՞ զենք կրելու: Կամ ասենք այրվածքից ձեռքը մի քիչ կռկված է:
Ինձ թվում է, որ շատ պաշտոնյաներ կտրված են իրականությունից, իրենց թվում է, որ իրենք ապրում են Վացլավ Հավելի Չեխիայում և Սլովակիայից խաղաղ բաժանվելու պրոցեսի մեջ են: Երևի փոթորիկը մի օր իրենց կիջեցնի գետնին, բայց ցավալի հետևանքներ կարող են լինել»,- ասել է նա:
Добавить комментарий