Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել. Ermenihaber
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով. գրում է Ermenihaber-ը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանություն էր ահազանգել՝ հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են Ագոփ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։ Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Ագոփ Դեղիրմենջիօղլուն ՀՀ քաղաքացի է։
Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։
Ոստիկանությունը դեպքը գնահատել է որպես սպանություն և սկսել է ավելի խորացված քննություն։ Դեղիրմենջիօղլուին վերջին անգամ տեսած անձանցից մեկը՝ Մեհմեթ Շ․Թ․-ն, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ երբ տուն է մտել, տղամարդուն անշարժ վիճակում է տեսել։
Քննության ընթացքում ոստիկանությունը նրա ցուցմունքներում հակասություններ է հայտնաբերել և նրան ձերբակալել։
Ոստիկանությունում կրկին հարցաքննության ենթարկվելու ժամանակ Մեհմեթ Շ․Թ․-ն խոստովանել է սպանությունը։ Նրա խոսքով՝ իր և Ագոփ Դեղիրմենջիօղլուի միջև վարձավճարի հետ կապված վեճ է եղել, և ինքը, իր պնդմամբ, ենթարկվել է ծանր վիրավորանքների, ինչից հետո դանակահարել և սպանել է նրան։
Ոստիկանությունում ընթացակարգերի ավարտից հետո կասկածյալը տեղափոխվել է դատարան։ Դատարանը նրան կալանավորել է դիտավորյալ սպանության մեղադրանքով և ուղարկել բանտ։
Դեպքի մասին խոսել է նաև թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը՝ նշելով, որ երկար տարիներ ճանաչել է Ագոփին և նրան բնութագրել որպես խաղաղ ու բարեկամական մարդ։ Նրա խոսքով՝ Ագոփը տարիներ շարունակ ապրել է նույն շենքում, թեև շենքը գտնվում էր անմխիթար վիճակում։
Քըլըչը նաև նշել է, որ Ագոփին սպանել են շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում, ոչ թե բնակարանի ներսում։ Նրա խոսքով՝ կասկածյալը դեպքից մոտ երկու օր անց ինքն է ոստիկանություն ահազանգել՝ հայտնելով շենքում տարածված վատ հոտի մասին, իսկ հետագայում խոստովանել է սպանությունը։
Добавить комментарий