Աշխարհակարգը ձևավորվում է հօգուտ անկախ պետությունների. Ռայիսին՝ Ասադին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Սիրիայի ազգային տոնի կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ռայիսին շեշտել է, որ ներկայումս՝ երկար տարիների ազնիվ համագործակցությունից և պատմաստեղծ դիմադրությունից հետո, համաշխարհային ու տարածաշրջանային կարգ է հաստատվում՝ ի շահ Իրանի և Սիրիայի ազատ ու անկախ ազգերի։ «Աշխարհակարգը ձևավորվում է հօգուտ անկախ պետությունների»,- շնորհավորական ուղերձում նշել է նա։
Ռայիսին միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Թեհրանը և Դամասկոսն ականատես կլինեն բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
Նշենք, որ ապրիլի 17-ին Սիրիայում տոնվում է երկրի ազգային օրը, որը խորհրդանշում է ֆրանսիացի վերջին զինվորի տարհանումը Սիրիայում ֆրանսիական մանդատի ավարտից և լիակատար անկախության հռչակումից հետո:
Добавить комментарий