Опубликовано H.Aslanyan -
Իրան

Ներկայացուցիչների պալատը 3-րդ անգամ է կողմ քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն երրորդ անգամ է կողմ քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու հարցում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակելուն, հայտնում է CBS News-ը։

Բանաձևին, որը պարտավորեցնում է երկրի ղեկավարին առանց Կոնգրեսի լրացուցիչ թույլտվության դուրս բերել ամերիկյան զինված ուժերը Իրանի դեմ ռազմական գործողություններից, երեքշաբթի կողմ է քվեարկել 220, դեմ՝ 204 կոնգրեսական։

Նախաձեռնությանը աջակցել է յոթ հանրապետական։ Նրանցից չորսը՝ Թոմ Բարեթը, Բրայան Ֆիցպատրիկը, Ուորեն Դևիդսոնն ու Թոմաս Մասին, նախկինում ևս քվեարկել էին նմանատիպ նախագծերի օգտին։ Այս անգամ նրանց միացել են նաև Նենսի Մեյսը, Մարիանեթ Միլեր-Միքսը և Զաք Նանը։

Սա Ներկայացուցիչների պալատի արդեն երրորդ փորձն էր՝ Իրանի նկատմամբ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու ուղղությամբ։ Նախորդ նմանատիպ բանաձևերը քննարկվել էին հունիսին և հուլիսին։ Հուլիսին Պալատը դարձյալ ընդունել էր ռազմական գործողությունները սահմանափակող բանաձև, սակայն Սենատը դեռ չի ընդունել այն։

Այս բանաձևի հետագա ճակատագիրը նույնպես հարցականի տակ է։ Մինչև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունները Սենատը պետք է անցկացնի ևս երկու պլանավորված նստաշրջան, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք փաստաթուղթը կդրվի քննարկման։

Հունիսին Կոնգրեսի երկու պալատներն արդեն ընդունել էին մեկ այլ բանաձև՝ ուղղված Իրանի հարցով նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակմանը, սակայն Սպիտակ տունը վիճարկել էր դրա իրավական ուժը։

Նոր քվեարկությունը Կոնգրեսում պատերազմը շարունակելու շուրջ առկա տարաձայնությունների հերթական ապացույցն է։ Ընդ որում, այս անգամ հանրապետականների աջակցությունն ավելի լայն էր, քան նախագահի լիազորությունները սահմանափակելու նախորդ երկու փորձերի ժամանակ։

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են պաշտպանել Իրանի հարցում նրա ռազմավարությունը։ Ինքը՝ նախագահը, հայտարարել էր, որ պատերազմը կավարտվի ընտրություններից հետո, սակայն հակամարտության ավարտի հստակ ժամկետները մնում են անորոշ։

Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատմամբ՝ պատերազմը ԱՄՆ-ի համար արժենում է ամսական մոտ 2–3 միլիարդ դոլար։

 

Добавить комментарий