Ուկրաինայի հակահարձակումը նախատեսված էր ապրիլի 30-ին
Պենտագոնից արտահոսած փաստաթղթերը վկայում են, որ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակումը նախատեսված էր ապրիլի 30-ին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Newsweek» պարբերականը՝ հղում անելով հրապարակված գաղտնի փաստաթղթերին։
Հաղորդվում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից մեկ տարի անց եվրոպական տասը երկրներում զգալիորեն թուլացել է Կիևին տրամադրվող աջակցությունը։ Այդ երկրների թվում են Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Հունաստանը, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան։
Գաղտնազերծված 40 փաստաթղթերից մեկը մանրամասն տեղեկություններ է տրամադրում Կիև ուղարկված տեխնիկայի, հունվարից ապրիլ մատակարարումների ժամանակացույցի և ուկրաինացի զինվորականների վերապատրաստման մասին։ «Ապրիլի 30-ին նախատեսված ուկրաինական հարձակմանն ընդառաջ մատակարարումները և աջակցությունն ուղղվում են Ուկրաինա»,- հայտնում է լրատվականը:
Միևնույն ժամանակ փաստաթղթերում չի նշվել, թե Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական գործողությունը որ ուղղությամբ կիրականացվի, և Կիևը որ բնակավայրերն է պատրաստվում իր վերահսկողության տակ վերցնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «The Washington Post» պարբերականը, վկայակոչելով Պենտագոնից արտահոսած փաստաթղթերը, հայտնել էր, որ հակահարձակման ընթացքում Ուկրաինան պատրաստվում է հետ վերցնել վերահսկողությունն արևելքում գտնվող տարածքների վրա և միաժամանակ շարժվել դեպի հարավ։
Добавить комментарий