Опубликовано H.Aslanyan -
Դադիվանք

Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին

Գանձասարն ու Դադիվանքը Կովկասյան Աղվանքի ժառանգություն հռչակող Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մեջ։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո Քելբաջարից հայկական ուժերի հեռանալու ժամանակ Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր և որոշ որմնանկարներ հանվել են պատերից։ Հաջիևան հայկական կողմին մեղադրել է նաև դրանք արտերկրում որպես հայկական արվեստի գործեր ներկայացնելու մեջ։

Բաքուն նաև կասկածի տակ է դնում Դադիվանքում հայկական կողմի իրականացրած վերականգնողական աշխատանքները։ Հաջիևայի խոսքով՝ 1997-2011 թվականներին Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու միջոցներով աշխատանքներ են կատարվել վանական համալիրում, իսկ 2014-ից՝ նաև որմնանկարների վրա։ Ադրբեջանցի պաշտոնյան դրանք ներկայացրել է որպես համալիրի սկզբնական տեսքը փոխած աշխատանքներ։

Добавить комментарий