ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանից ակնկալում է նույնը. Փաշինյան
ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ:
Այս մասին վարչապետն ասել է ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների ու որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչն արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով: «Այդուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ես ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ»,-ասել է Փաշինյանը:
Իսկ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ ճանաչելուց, Փաշինյանը նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանն ինքն է առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք:
Добавить комментарий