Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ջանքեր են գործադրում Կովկասում ու Սև ծովի տարածաշրջանում լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Այս մասին Նյու Յորքում «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ամյակի շեմին» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը կարևոր է գլոբալ խաղաղության և կայունության պահպանման համար։ Ֆիդանը նշել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման և խաղաղության պահպանման համար։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է վերածվի խնդիրների աղբյուրի, այլ պետք է դառնա միջազգային համագործակցության հարթակ։
Ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում Ֆիդանը նշել է, որ Անկարան շարունակում է ակտիվ կապեր պահպանել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։
«Մենք աջակցում ենք երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար»,– ասել է նա։
Ֆիդանի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում անհրաժեշտ է արդյունավետ գործընկերություն ձևավորել գլոբալ տերությունների և առաջատար տարածաշրջանային դերակատարների միջև։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։
Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։
Добавить комментарий