Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու առաջարկին, որն արվել է մեկ շաբաթ առաջ։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը։
Նա վստահ է, որ ադրբեջանական կողմը ստացել է առաջարկը։ «Առաջարկն իրենք վայրկենապես կարող են ստանալ, որովհետև դրա մասին տեղեկացվել են նաև ռուս խաղաղապահների միջոցով և լրատվամիջոցներով։ Պետք է սպասենք պատասխանին, բայց, իհարկե, մեծ է հավանականությունը, որ որևէ կերպ չեն արձագանքի։ Մենք բացառապես պետք է քննարկենք հումանիտար հարցեր, որոնց լուծումը շատ հրատապ է Արցախում»,- նշել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
Добавить комментарий