Опубликовано H.Aslanyan -
Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում. մանրամասներ

2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առիթով նախ ուզում եմ անդրադառնալ այն հարցին, ինչին նախագահ Թրամփը երկու օր առաջ հղում արեց այս ամբիոնից։ Այո, ասել եմ և հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի անձնական ներկայությունը գործնական և խորհրդանշական արտահայտություններ ունի նաև գետնի վրա։

«TRIPP նախագծի իրագործումը շոշափելի քայլերով իրականություն է դառնում։ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված՝ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը առաջիկայում կվավերացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում»,- նշել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ այժմ Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև աշխատանք է տարվում TRIPP Development Company ընկերության ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

«Ըստ այդմ՝ սկզբնական շրջանում Հայաստանը 26% բաժնեմաս կունենա Development Company-ում, իսկ Միացյալ Նահանգները՝ 74%։ Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50-րդ տարում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49%՝ առանց լրացուցիչ ներդրման»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ TRIPP նախագծի գործնական արտահայտություններից մեկը լինելու է 2025 թվականի օգոստոսի 8-ին իր և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված և ԱՄՆ նախագահի կողմից որպես վկա ստորագրված խաղաղության հռչակագրի երրորդ կետի իրագործումը։

«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, և այժմ Հայաստանը Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունի Ադրբեջանի հետ։

«TRIPP նախագծի իրագործումը Հայաստան-Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետև Հայաստանն իր հյուսիսային և հարավային շրջանների միջև երկաթուղային կապ չունի, և դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ առաջիկայում Հայաստանը կվերականգնի Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավերված երկաթուղային հատվածները։

«Իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն, բայց սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ՝ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ TRIPP նախագծի հետ միասին դա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ։

«Այսպիսով երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև։ Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ սա ցույց է տալիս, թե ինչու և ինչպես է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում տարածաշրջանի բոլոր երկրներին։

«Այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Շուրջ 35-ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արևելքից արևմուտք՝ երկաթուղուց բացի, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը։ Եվ սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ»,- նշել է Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո տարածաշրջանում ձևավորվել է լավատեսության հիմք։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը վերահաստատել են 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որտեղ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկել է «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։

Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններն անցել են «առանձնահատուկ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում»։

«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։ Բայց վերջին տարիների մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումները արդարացրեցին իրենց։ Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։

Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ»,- հավելել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ կողմերը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ ականազերծման հարցերում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ հոռետեսությունը սնուցող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն նաև պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։

«Կարծում եմ՝ մենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին։ Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելը ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի»,- ասել է նա։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ արդեն երկուսուկես տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։ Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։ Մեր խնդիրը, սակայն, այդ փորձը վերականգնելը չէ, այլ ժողովրդական այդ փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգման վրա»,- հավելել է նա։

Փաշինյանը նշել է, որ սա այն խոսույթն է, որը Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրել և նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրում։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի որդեգրած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը բխում է բազմաբևեռության տրամաբանությունից։

«Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության հետ»,- ասել է նա։

Փաշինյանը նաև անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին՝ նշելով, որ այդ օրը Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի համար առևտրային ինքնավար միջոցներ սահմանելու մասին որոշումը։

«Սա Հայաստան-Եվրոպական միություն նոր որակի հարաբերությունների հերթական դրսևորումն է»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը հայտարարել է, որ դրանք գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։

«Սա բնական գործընթաց է, որովհետև նախորդող ամբողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները իր գործընկերների հետ՝ ընդգծելով նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների բարձր դինամիկան։

«Չեմ կարող նաև չընդգծել, որ մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին։

«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։ Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրը այս ամբիոնից ասած խոսքերը այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեր մյուս երկու հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարևորություն, և մեր բարեդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի կայունության և զարգացման գործում Հայաստանի Հանրապետությունն իր բաժին ներդրումը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը։

Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ը

Ելույթի ավարտին Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

«Բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու Հայաստանի և կենսաբազմազանության միջազգային օրակարգի համար այդ կարևորագույն միջոցառմանը»,- ասել է վարչապետը։

Добавить комментарий