Ռուսաստանը գիշերը հարվածել է Խարկովին և Կիևին․ կան տասնյակ վիրավորներ
Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Խարկովին և Կիևին։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Խարկովում առնվազն 22 մարդ է վիրավորվել, Կիևում՝ ևս չորսը։
Խարկովում վիրավորների թվում առնվազն ութ երեխա կա։
Քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ՝ կառավարվող ավիառումբերով հարվածներ են հասցվել քաղաքի Կիևյան և Սալտովյան շրջաններին։ Վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, իսկ Սալտովյան շրջանում ռումբերից մեկը հարվածել է բնակելի շենքին։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածը հասել է շենքի երկրորդ հարկին, ինչի հետևանքով երկրորդ և երրորդ հարկերի մի մասը փլուզվել է։
Կիևում ռուսական գիշերային հարձակման հետևանքով, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, չորս մարդ է վիրավորվել։
Կիևի Գոլոսեևյան շրջանում անօդաչուն հարվածել է երկհարկանի առանձնատանը, մեկ մարդ վիրավորվել է։ Պեչերսկի և Շևչենկոյի շրջաններում հրդեհներ են բռնկվել գրասենյակային շենքերում, իսկ Օբոլոնյան շրջանում անօդաչուի հարվածից վնասվել է բենզալցակայան։
Ռուսական ուժերը Ուկրաինայի մայրաքաղաքն ու հարակից շրջանները հարվածների էին ենթարկել նաև նախորդ գիշերը։ Սեպտեմբերի 27-ին Կիևում մեկ մարդ էր զոհվել, իսկ մայրաքաղաքի մերձակայքում, նախնական տվյալներով, երկու մարդ էր զոհվել, չորսը՝ վիրավորվել։
Добавить комментарий