Опубликовано H.Andreasyan -
Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելու հնարավորություն չեմ տեսնում. Արմեն Խաչատրյան

Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելու հնարավորություն չեմ տեսնում. Արմեն Խաչատրյան

Դեռևս նման հնարավորություն չեմ տեսնում: Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական գործընթացներ լինեն: Մենք էլ այնտեղ գերիներ ունենք, և թե ինչ գործընթացներ տեղի կունենան, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ կասեմ, որ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, և հանցագործը դատի է տրվելու: Դրանից հետո ինչ պետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից: Անդրադառնալով Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելու հարցին՝ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով հայ գերիների հետ փոխանակման գործընթացի բանակցությունների հավանակությանը՝ Խաչատրյանն ասել է, որ նախաքննության ընթացքում բացառում է:

Խոսելով Տեղ գյուղի մոտ միջադեպից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ հարաբերականորեն խաղաղ վիճակ է, ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են․ «Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են. բոլորս այդ մասին գիտենք, և այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի: Հիմա ոնց կհասնենք դրան՝ ժամանակը ցույց կտա»:

Նա ընդգծել է, որ հայկական բանակը կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որպեսզի այդ հատվածի ուղղությամբ նման փորձերը կանխվեն: «Մի շարք նման փորձեր են եղել և կանխվել են»,- ասել է Արմեն Խաչատրյանը:

Добавить комментарий