Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի նախագահն Իսրայելի ագրեսիան դատապարտելու համար անհրաժեշտ է համարում իսլամական աշխարհի միավորումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իսրայելի ագրեսիան դատարտելու, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի իսլամական աշխարհը միավորվի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ  այս մասին Ռայիսին ասել է Բանգլադեշի վարչապետ շեյխ Հասինայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Ռայիսին միևնույն ժամանակ խստորեն քննադատել է Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում աղոթող հավատացյալների նկատմամբ Իսրայելի ոստիկանների կողմից իրականացված բռնությունը։

Իրանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է տարբեր պետությունների, հատկապես իսլամադավան երկրների հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման վրա։ Նա հույս է հայտնել, որ Իրանի և Բանգլադեշի միջև լավ հարաբերությունները և առևտրատնտեսական համագործակցությունը հետագայում նույնպես կզարգանան։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի առավոտյան Իսրայելի ոստիկանական ուժերը ներխուժել են Ալ-Աքսա մզկիթ, որտեղ բախումներ են տեղի ունեցել այնտեղ աղոթող պաղեստինցիների հետ։ Այս միջադեպից հետո իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կրկին սրվել է։

Добавить комментарий