Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Վերջին օրերին Պենտագոնը կրճատում է իր զորքերի թվաքանակը Մերձավոր Արևելքի ողջ տարածքում գտնվող բազաներում՝ տարածաշրջանային աճող սպառնալիքների պատճառով, հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչը և ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյան, զինվորականները մասնավոր կարգով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի օբյեկտներում՝ Եմենում ծավալվող հակամարտության, ինչպես նաև Իրանի կողմից հնչող ուղղակի սպառնալիքների պատճառով։
Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը CBS News-ին ասել է. «Մենք կանոնավոր կերպով տեղափոխում ենք ամերիկացի զինծառայողներին և տեխնիկան՝ առաջադրանքների կատարմանը պատրաստվածությունն օպտիմալացնելու համար։ Օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք քննարկում նման տեղաշարժերի մանրամասները»։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև կարգադրել է, որ ամերիկյան դեսպանատների այն աշխատակիցները, որոնց ներկայությունը խիստ անհրաժեշտ չէ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, հուսիթների մի շարք հարձակումներից հետո լքեն Սաուդյան Արաբիան։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրություն է արձակել, ըստ որի՝ միայն Սաուդյան Արաբիայից պետք է մեկնեն ԱՄՆ այն պետական ծառայողները և նրանց ընտանիքների անդամները, որոնք կապված չեն արտակարգ իրավիճակների հետ»,- X սոցիալական ցանցում գրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթը։
Նա նշել է, որ որոշ ԶԼՄ-ների հաղորդումները, թե մեկնելու հրամանները վերաբերում են նաև Պարսից ծոցի երկրների՝ այդ թվում Միացյալ Արաբական Էմիրություններում, Հորդանանում, Կատարում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ այլ դեսպանատների անձնակազմին, «ոչ ճշգրիտ» են։
Добавить комментарий