Ադրբեջանցիների մեծամասնությունը կարծում է, որ Իրանը տարածաշրջանում պաշտպանում է Հայաստանի շահերը
Ադրբեջանցիների մեծամասնությունը կարծում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում պաշտպանում է Հայաստանի շահերը։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին փաստում են Ադրբեջանում գործող Սոցիալական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։
Հաղորդվում է, որ հարցվածների 76.8%-ը նշել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի շահերը տարածաշրջանում, այսինքն՝ փորձում է իր տարածաշրջանային շահերն իրականացնել Հայաստանի միջոցով: Հարցվածների 5.5%-ի կարծիքով՝ Թեհրանը Երևանի և Բաքվի միջև չեզոք դիրքորոշում ունի, իսկ 3.4%-ի համոզմամբ՝ Իրանի համար առաջնային են Ադրբեջանի շահերը:
Հարցին, թե «ո՞ր գործոնն Ադրբեջանը պետք է ամենից շատ հաշվի առնի Իրանի հետ հարաբերություններում», մասնակիցների 35.7%-ը պատասխանել է, որ Ադրբեջանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Իրանն աջակցում է Հայաստանին։ Հարցվածների 29.7%-ը նշել է, որ Իրանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է հաշվի առնել պատմական արմատներն ու հարևանական հարաբերությունները։
Նշենք, որ Ադրբեջանում հանրային կարծիքի ուսումնասիրությունները, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատանքը գտնվում են պետության ամբողջական վերահսկողության տակ, և ցանկացած նման հետազոտության արդյունքներ վիճահարույց են օբյեկտիվության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ չենք բացառում, որ Ալիևի ռեժիմի հակաիրանական քաղաքականության արդյունքում բնակչության շրջանում տիրում են հենց նմանատիպ տրամադրություններ։
Добавить комментарий