Գաղտնի հյուսիսային ճակատ. «Իսրայելն» օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում
Իրանի շուրջ աճող լարվածության, հարվածները վերսկսելու «Իսրայելի» սպառնալիքների, ինչպես նաև Թրամփի և ամերիկացի պաշտոնյաների՝ մոտալուտ «ռազմական գործողության» մասին բացահայտ նախազգուշացումների համապատկերին մեդիատիրույթում կրկին արդիականացել է Իրանի դեմ պատերազմին Ադրբեջանի մեղսակցության թեման:
Ընդ որում, պետք է նշել, որ Բաքուն կտրականապես մերժում է իր մասնակցությունն Իրանին հասցվող հարվածներին։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցներում հիշատակել են CNN-ի հետաքննությունը:
Կովկասյան կենտրոնն առաջարկում է իրավիճակի վերլուծությունը։
Հեռուստաալիքի վարկածով՝ այդ ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ իրանական սահմանի մոտ գտնվող մի քանի կետերից: Դրանցից ամենամոտը գտնվել է Թավրիզից՝ «իսրայելական» հարվածների ենթարկված քաղաքներից մեկից մոտ 60 մղոն (մոտ 96–100 կմ) հեռավորության վրա: Իրավիճակին ծանոթ CNN-ի չորս աղբյուրների տվյալներով՝ զորակազմը բաղկացած է եղել տասնյակ մարդկանցից։ Սկզբնապես այդ ուժերը նախատեսվում էին որպես հնարավոր փրկարարական թիմեր՝ Իրանի երկնքում «իսրայելական» ինքնաթիռների խոցման դեպքերի համար, սակայն առաքելությունն ընդլայնվել է՝ ներառելով հետախուզություն, գաղտնալսող սարքավորումների տեղադրում և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործողություններ: Սա «Իսրայելին» հնարավորություն էր տալիս կարևոր դիտակետ ունենալ Հյուսիսային Իրանի նկատմամբ։
Ադրբեջանի տարածքի հետ աղբյուրների կողմից կապվող առանցքային գործողություններից մեկը 2026 թվականի մարտի 4-ին ԻՀՊԿ հետախուզության հատուկ գործողությունների ստորաբաժանման ղեկավար Ռահման Մոգադամի սպանությունն է, որին «Իսրայելը» մեղադրում էր 2024 թվականին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։
Հաջորդիվ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի օդանավակայանին. Բաքուն պատասխանատվությունը բարդել է Իրանի վրա, իսկ Թեհրանը հերքել է այդ լուրը։ Շուտով Ադրբեջանը հայտարարեց երկրի կրիտիկական ենթակառուցվածքների, ինչպես նաև «իսրայելական» (հրեական) օբյեկտների դեմ ԻՀՊԿ-ի դավադրության բացահայտման մասին, իսկ «Իսրայելն» ավելի ուշ հաստատեց «Մոսադի», ՑԱԽԱԼ-ի և «Շին Բեթի» համատեղ գործողության բնույթը:
Նախապատրաստությունները, ըստ CNN-ի աղբյուրների, սկսվել են դեռևս 2026 թվականի հունվարի կեսերին՝ Իրանում զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու շրջանում։ «Իսրայելը» հույս ուներ համաժամեցնել տեղակայումը սպասվող հարվածների հետ, որոնք Թրամփը չեղյալ հայտարարեց վերջին պահին:
«Իսրայելը» շարունակեց գործել ինքնուրույն՝ օգտագործելով, ի թիվս այլ միջոցների, անտեսանելի (ստելս) ինքնաթիռներ և հատուկ նշանակության ուժեր՝ սարքավորումներ տեղադրելու համար: Դրանից կարճ ժամանակ անց «Իսրայելի» արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն այցելեց Բաքու։
Ադրբեջանական կողմը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը CNN-ին հայտնել է երրորդ երկրների դեմ սեփական տարածքի օգտագործման վերաբերյալ «անհիմն պնդումների հաստատուն մերժման» մասին: ԱԳՆ-ն և այլ կառույցներ նյութն անվանել են «ամբողջովին անհիմն» և «տեղեկատվական մանիպուլյացիա»՝ ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը:
Ավելի ուշ Բաքուն CNN-ի դեմ հայց է ներկայացրել ամերիկյան դատարան։ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հրապարակումն ապատեղեկատվություն անվանել ՝ պնդելով, թե իբր տեխնիկապես հնարավոր չէ գաղտնի տեղակայել ռազմական ուժեր, որոնք կարող են հայտնաբերել արբանյակները կամ իրանական հատուկ ծառայությունները: Նշենք, որ դատաքննություն մինչ օրս տեղի չի ունեցել։ Ավելին, 2026 թվականի հոկտեմբերի 8-ին CNN-ը հայցը մերժելու միջնորդություն է ներկայացրել։ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունն արգելում է կառավարություններին (ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ օտարերկրյա) զրպարտության հայցեր ներկայացնել լրատվամիջոցների դեմ՝ իրենց գործողությունները քննադատելու համար։ CNN-ը հայցն անվանել է «վտանգավոր» և գրաքննության արտահանման փորձ:
Աշխարհաքաղաքական համատեքստ
CNN-ի նյութը տեղավորվում է «Իսրայելի» և Ադրբեջանի հարաբերությունների վաղուց հայտնի «այսբերգի» տրամաբանության մեջ։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը հենց այսպես էր բնութագրել Բաքվի և Թել Ավիվի կապերը՝ համեմատելով դրանք այսբերգի հետ, որի 90 տոկոսը թաքնված է ջրի տակ:
«Իսրայելը» Բաքվի ժամանակակից սպառազինության (այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտություններում կիրառված համակարգերի) առանցքային մատակարարներից է, ադրբեջանական նավթի գնորդ, ինչպես նաև հետախուզության ու տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գործընկեր:
Ադրբեջանն իր հերթին՝ հասանելիություն է ստանում Վաշինգտոնում «իսրայելական» լոբբիին, ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի միջև հավասարակշռություն պահպանելու հնարավորություն է ձեռք բերում:
Մոտ 765 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը, էթնիկ ու պատմական կապերը (Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանական բնակչությունը) և փոխադարձ կասկածներն այս տարածաշրջանը տասնամյակներ շարունակ դարձրել են «իսրայելական» հետախուզության հետաքրքրության բնական գոտի:
2026 թվականի պատերազմը բացահայտեց «Իսրայելի» առաջապահ դիրքերի ավելի լայն ցանց՝ Իրաքում, ԱՄԷ-ում (ներառյալ՝ «Երկաթե գմբեթ» համակարգերի տեղակայումը) և Սոմալիլենդում (որպես հեռահար թռիչքների լոգիստիկ հանգույց)։
Սա Իրանի շուրջ հյուսիսից, արևմուտքից և հարավից ստեղծեց «օղակի» էֆեկտ՝ էապես ընդլայնելով գործառնական շառավիղը։
Բաքվի համար նման համագործակցությունն ակնհայտ ռիսկեր է պարունակում՝ անմիջական ներգրավվածություն շատ ավելի մեծ հարավային հարևանի հետ հակամարտության մեջ, երկրի ներսում ու Նախիջևանում իրանական դիվերսիոն գործունեության հնարավոր ուժեղացում, ինչպես նաև Թեհրանի հետ հարաբերությունների բարդացում, որը վաղուց է մեղադրում Ադրբեջանին «Իսրայելին» պլացդարմ տրամադրելու մեջ։
Գնահատում և հետևանքներ
Բաքուն շարունակում է վիճարկել CNN-ի հետաքննության հավաստիությունը՝ նշելով, որ Իրանն այդ հարցը պաշտոնական մակարդակով չի բարձրացրել այն սրությամբ, որը կարելի էր սպասել:
Միևնույն ժամանակ, իսրայելա-ադրբեջանական կապերի բուն կառուցվածքը, իրանական ցանցերի դեմ համատեղ գործողությունների պատմությունը և դեպի Իրան «Հյուսիսային դռան» տրամաբանությունը սցենարը միանգամայն իրատեսական են դարձնում։
CNN-ի հրապարակումը, անկախ բոլոր մանրամասների ճշգրտությունից, Բաքվին զրկել է «ճշմարտանման ժխտողականության» (plausible deniability) զգալի մասից և Թեհրանին տվել ներքին ու արտաքին քարոզչության համար հարմար նարատիվ։
Տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության տեսանկյունից այս պատմությունը ցույց է տալիս մի քանի կարևոր միտումներ։
Նախ՝ ոչ ֆորմալ հակաիրանական կոալիցիաների խորացումը, որոնք դուրս են գալիս դասական «Աբրահամյան համաձայնագրերի» ձևաչափի սահմաններից։
Երկրորդ՝ Կովկասի վերածումը գլոբալ դերակատարների և տարածաշրջանային տերությունների ստվերային պատերազմի հարթակի։
Երրորդ՝ Ադրբեջանի հավասարակշռող ռազմավարության փխրունությունը. որքան խորն է ինտեգրումն «Իսրայելի» հետ անվտանգության ոլորտում, այնքան բարձր է հնարավոր բացահայտման գինը։
Չորրորդ՝ լրատվամիջոցների և արտահոսքերի դերը՝ որպես բուն աշխարհաքաղաքականության գործիք. թե ով և ինչու է արտահոսել այդ տեղեկատվությունը հակամարտության ակտիվ փուլից ամիսներ անց, մնում է բաց հարց։
Իրանի վրա նոր հարձակման աճող սպառնալիքի խորապատկերին լրատվամիջոցներում CNN-ի հետաքննության արդիականացումը՝ «շոկային տեղեկատվության» շեշտադրմամբ և Ալիևի վարչակարգի նկատմամբ քննադատական վերաբերմունքով, արտացոլում է այն տրամադրությունները, որոնք շրջանառվում են թուրքալեզու և ադրբեջանական տեղեկատվական տարածքում:
Դրանք ուժեղացնում են բևեռացումը. Բաքվի ընդդիմախոսների համար սա «ծախվածության և վտանգավոր խաղի» ապացույց է, իսկ աջակիցների համար՝ տեղեկատվական հարձակման հերթական փորձ։
Արդյունքում, 2026 թվականի գաղտնի հյուսիսային ճակատը, նույնիսկ, եթե այն գոյություն է ունեցել միայն մասամբ, արդեն իսկ ազդել է տարածաշրջանում ռիսկերի և դաշինքների ընկալման վրա, որտեղ հետախուզության, դիվանագիտության և պատերազմի միջև սահմաններն ավելի ու ավելի են պղտորվում:
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
kavkazcenter.com
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
Добавить комментарий