Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան վաղուց է կռիվը տանուլ տվել. թուրք պրոֆեսորի հարցազրույցը «Ermenihaber.am»-ին
Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ «Ermenihaber.am»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։
Հարցին, թե արդյոք ժխտողականության նոր փուլ կարելի է դիտարկել հատկապես վերջին տարիներին համակարգվող և նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից ապրիլի 5-ին վերաշահարկված այն հայտնի թեզի կիրառումը, որը ոչ միայն ժխտում է հայերի ցեղասպանությունն, այլև հայերին է վերագրվում թուրք-մուսուլմաններին ցեղասպանելը, Աքթարը տվել է բացասական պատասխան։ Նա շեշտեց, որ այդ թեզերը պարզապես տարիներով օգտագործվում են մեկը մյուսի ետևից։
Նա հավելել է նաև, որ Թուրքիայում ժողովուրդն էլ է այդպես մտածում, կրում այդ թեզը, բայց դրան հակառակ Թուրքիայից դուրս որևէ մեկը չի էլ կարող հավատալ այդ ամենին, քանի որ այդ թեզը չունի պատմական հիմք։
«Թուրքիայի ժխտողականության հետ կապված մի բան չպետք է մոռանալ․ Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունենա Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Այսինքն՝ աշխարհում որևէ մեկը չի վստահում, բարեհաճություն չի ցուցաբերում Թուրքիայի թեզերին։ Թուրքիան այդ կռիվը վաղուց է տանուլ տվել»,-նկատել է թուրք քաղաքագետը։
Անդրադառնալով Անկարայի համալսարաններից մեկում ապրիլի 5-ին Հայոց ցեղասպանության ժխտողականության շրջանակում կազմակերպված խորհրդաժողովին, որտեղ էլ նախարար Աքարը ելույթ էր ունեցել և կրկին շրջանառել այդ պնդումը՝ Աքթարը նշել է․ «Նստում, իրենք իրենց մեջ խոսում են, միմյանց ծափահարում, ասում՝ ապրես։ Այդպիսի հավաքներում, այսպես թե այնպես, մեկը չի էլ լինում, որ տարբերվող բան ասի, բոլորը նույն են կրկնում»։
Добавить комментарий