Հայաստանը պատրաստ է ադրբեջանական բեռների տարանցմանը․ Միրզոյան
Հայաստանի տարածքը հետագայում կարող է օգտագործվել նաև ադրբեջանական բեռների տարանցման համար․ այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով 2026 թվականի աշխատանքներն ու առաջիկա տարվա առաջնահերթությունները։
Նրա խոսքով՝ Հայաստանի հանձնառությունն է հնարավորինս արագ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Մինչ այդ, ըստ նախարարի, կողմերը պետք է շարունակեն ընդլայնել տնտեսական համագործակցությունը։ Միրզոյանը որպես օրինակ նշել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապված բեռնափոխադրումների համար իր տարածքի բացումը։
«Մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը։ Մինչ այս ֆիզիկապես հնարավոր դառնալը մենք շարունակելու ենք խաղաղությունից բխող և խաղաղությունն էլ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը, ինչպիսիք են, օրինակ, երկկողմ առևտուրը, այս դեպքում առայժմ դեռ միայն Ադրբեջանի կողմից իր տարածքի բացումը Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների համար»,- նշել է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ նախարարը հայտնել է, որ համաձայնագրի վավերացումից հետո առաջիկայում կստորագրվեն նաև զարգացման ընկերության բաժնետերերի համաձայնագիրն ու կանոնադրությունը։ Դրանով փաստաթղթային գործընթացը կավարտվի, և հնարավոր կլինի անցնել նախագծի իրականացմանը։
Միրզոյանի խոսքով՝ նախագծի արդյունքում Հայաստանի հյուսիսն ու հարավը կկապվեն Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղով։ Հայաստանը հնարավորություն կունենա առևտուր իրականացնել Ադրբեջանի և երրորդ երկրների հետ։ Նույն հնարավորությունները հայելային սկզբունքով հասանելի կլինեն նաև Ադրբեջանին։
Նախարարը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Նրա գնահատմամբ՝ երկխոսությունը բավականին ակտիվ է և արդյունավետ։ Որպես համագործակցության օրինակներ՝ նա նշել է ուսանողների կրթաթոշակային ծրագրերը, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգումը և երկու երկրների գործարար համաժողովները։
Միրզոյանի փոխանցմամբ՝ հաջորդ գործարար համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ հավանաբար 2027-ի սկզբին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չնայած դրական տեղաշարժերին՝ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ։
Արտգործնախարարը կարծում է, որ գործընթացն արդեն հասունացել է ինչպես սահմանների բացման, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Նրա խոսքով՝ այդ քայլերը կարող են էական տնտեսական օգուտներ բերել Հայաստանին և նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու զարգացմանը։
Добавить комментарий