Опубликовано H.Aslanyan -
Զոհ

Զանգվածային հարձակում ՌԴ տարածաշրջանների վրա. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ Սմոլենսկի մարզը գիշերը զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վասիլի Անոխինը։

Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 37 անօդաչու թռչող սարք:

«Ցավոք, հարձակման հետևանքով Յարցևո քաղաքում կան զոհեր։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմահարկ շենքի վրա, հրդեհ է բռնկվել, երկու մարդ է զոհվել»,- հայտնել է նա MAX հարթակում։

Պաշտոնյան նշել է, որ հրդեհի մարման ընթացքում ԱԻՆ աշխատակիցները տարհանել են բնակիչներին, հրդեհի անմիջական գոտուց դուրս է բերվել 10 մարդ:

Անցած գիշեր հարձակման է ենթարկվել նաև Լենինգրադի մարզը։ Մի քանի ԱԹՍ-ների հարձակումից հետո, ինչպես հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Ուստ-Լուգա նավահանգստային գոտում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք աշխատակից:

«Թիրախավորվել է Կինգիսեպսի շրջանում գտնվող Ուստ-Լուգա նավահանգստային գոտին։ Մի քանի ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժել է երեք աշխատակից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա MAX հարթակում՝ հավելելով, որ նախնական տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է 150 անօդաչու թռչող սարք։

Добавить комментарий