Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Նոյեմբերի 19-ի ցերեկը Կիևի վրա ռուսական հարձակման ընթացքում վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները։ Երկու երկրների կառավարությունները հայտնել են, որ ոչ ոք չի տուժել։ Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հավելել է, որ հանձնարարել է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Ուկրաինայի մայրաքաղաքին հասցվող հարվածների ուժգնացման պատճառով։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ ԵՄ երկրների մեծ մասի՝ Ավստրիան պահպանում է ռազմական չեզոքությունը։
Իր հերթին Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը հստակեցրել է, որ արկը դիպել է դիվանագիտական ներկայացուցչության հետևում գտնվող շենքին՝ աննշան վնաս հասցնելով ներկայացուցչությանը։ Նախարարությունը բացատրություններ տալու համար կանչել է Ռուսաստանի դեսպանին, գրում է Bloomberg-ը։
Նոյեմբերի 17-ին նիդերլանդական պաշտպանական Destinus ընկերությունը հայտնել է, որ Ուկրաինան օգտագործել է իր արտադրած Ruta թևավոր հրթիռները՝ Ղրիմի կամրջին հարվածներ հասցնելու համար։ Առաջին հարձակման ժամանակ վնասվել է կամրջի վերին կրող կառուցվածքը, իսկ երկրորդի ժամանակ փլուզվել է կամրջաթռիչքը։ Ռուսական ՀՕՊ-ը ճնշելու համար ուկրաինացի զինվորականները կիրառել են LORD/Da Vinci համակարգերը, որոնք նույնպես Destinus-ի արտադրանքն են։
Դրանից հետո ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Մոսկվայի համար «գնալով ավելի դժվար է դառնում Նիդերլանդներին դիտարկել որպես Ուկրաինայի պատերազմին կողքից հետևող դիտորդ», քանի որ «իր գործողություններով Հաագան հետևողականորեն խորացնում է իր ներգրավվածությունը հակամարտության մեջ՝ նպաստելով դրա ձգձգմանն ու հետագա սրմանը»։
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան նույնպես հայտնել է, որ հինգշաբթի Կիևի վրա հարձակման ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Բրազիլիայի դեսպանատան տարածք։ Նրա խոսքով՝ շենքը չի վնասվել, և ոչ ոք չի տուժել։
Օրվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված ռուսական հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են, հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը։ Այրվող վեցհարկանի շենքից փրկել են երկու մարդու, այդ թվում՝ դեռահասի։ Բացի այդ, բեկորները վնասել են Վլադիմիրյան տաճարի պատուհաններն ու ավտոմեքենաներ։
Զոհեր և վիրավորներ են եղել նաև Ուկրաինայի այլ շրջաններում։ Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով զոհվել է 44-ամյա կին, իսկ Զապորոժիեի մարզում՝ Կուշուգում ավանի մի բնակիչ։ Խարկովի մարզի Իզյում քաղաքում բնակելի շենքին հարվածի հետևանքով վիրավորվել է 21 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, իսկ Խարկովում՝ յոթ մարդ, այդ թվում՝ երկու դեռահաս։ Դնեպրոպետրովսկի մարզում գնդակոծվել է Նիկոպոլի շրջանը, զոհվել է մեկ մարդ։
Добавить комментарий