Արդարադատության միջազգային դատարանը կասեցրել է Հայաստանի և Ադրբեջանի հայցադիմումների քննությունը
Հայաստանն ապրիլի 21-ին Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել իր առարկություններն Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ՝ ստանալով նաև իր հայցադիմումի վերաբերյալ Ադրբեջանի առարկությունները։ Դատարանը, ըստ այդմ, կասեցրել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի քննությունը՝ մինչև ներկայացված առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է դատարան այս տարվա հունվարի 23-ին՝ միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։
Դատարանի կանոնների համաձայն՝ պետություններն իրավունք ունեն ներկայացնելու նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ այն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ։
Նախնական առարկություններ ստանալուց հետո դատարանն իր կանոնների համաձայն կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչև նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։
«Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիմումում տեղ գտած պահանջների մեծ մասին։ Միաժամանակ Հայաստանը ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ։
Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Добавить комментарий