Կարծում եմ՝ ՌԴ-ն կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի կոպիտ խախտումը. Արցախի ՄԻՊ
«Ադրբեջանն իր գործողությունները նախապես ծրագրված է իրականացնում, և ես տեսնում եմ, որ մի գործողություն անելուց հետո անցնում է մյուսին, նաև տեղեկատվական ֆոն են ապահովում»,- այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Կարող ենք նկատել նաև, որ Ադրբեջանի այս հանցավոր գործողություններում հստակ նաև սիմվոլիզմի տարրեր կան, և նրանք իրենց տարբեր գործողություններ իրականացնում են մեզ համար կարևոր ամսաթվերին, մեզ համար կարևոր օրերից առաջ կամ հենց այդ օրերին, և այս առումով կարող ենք չբացառել, որ հենց միտումնավոր էր ընտրված ապրիլի 23-ը՝ մեզ համար այս կարևոր օրվանից առաջ»,- ասել է նա:
Ստեփանյանի համոզմամբ՝ հիմնական քննարկումներն ընթանում են ռուսական կողմի և Ադրբեջանի միջև. «Որովհետև ի վերջո եռակողմ արձանագրության մեջ հստակ ամրագրված է, որ միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, ուստի Ադրբեջանի այս քայլն ուղիղ խախտում է միջանցքի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կարգավիճակը, և ըստ այդմ էլ պատասխան գործողությունը կամ պատասխան քայլը պետք է հետևի ռուսական կողմից: Այսօր տեսանք նաև, որ ՌԴ արտգործնախարարության կողմից եղավ հայտարարություն այս առիթով, բայց, իմ կարծիքով, եթե այլ դերակատարների, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից մտահոգության արտահայտումն ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, որովհետև նրանք ներկայացված չեն տեղում, չունեն գործարկելու համապատասխան մեխանիզմներ, ապա Ռուսաստանի դեպքում, բավարարվել միայն մտահոգություն արտահայտելով, այնքան էլ ճիշտ չէ, և կարծում եմ՝ Ռուսաստանը խաղաղապահ առաքելության հեղինակությունն ու արդյունավետությունն ապահովելու համար կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի այս կոպիտ խախտումը: Այլապես կստացվի, որ Ադրբեջանն ամեն անգամ կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարության այս կամ այն դրույթը, օրինակները շատ են՝ սկսած Խծաբերդի, Հին Թաղերի, Քարագլխի դեպքերից և վերջացրած այս շրջափակմամբ ու անցակետի տեղակայմամբ»:
Ստեփանյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին ավելի հստակություն կլինի այս հարցում, և իրենց ակնկալիքն այն է, որ ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, հստակ գործողությունների կդիմի Ադրբեջանին սանձելու համար:
«Պարզ է այն, որ ունենք իրավիճակ, որտեղ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, հստակ գործողություններ չի ձեռնարկում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք, և փոխադարձ պառակտվածության փոխարեն պետք է փորձենք մեր ձայնը բոլոր դերակատարներին լսելի դարձնել, պահանջել բոլոր դերակատարներից իրենց աջակցությունը տրամադրել հայ ժողովրդին»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը, ապա պաշտոնապես հայտարարել անցակետի տեղադրման մասին:
Добавить комментарий