Բայդենը կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել, որում կրկին օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենն ուղերձում մասնավորապես նշել է. «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը:
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ տարվեցին մահվան երթերով՝ ողբերգություն, որը մեկընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:
Երբ մենք միանում ենք աշխարհի տարբեր երկրներին՝ հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։
Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է հանդիպել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և երաշխավորելու համար, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:
Այսօր եկեք նորից տանք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»:
#Դետքի_հետագծով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն իր նախորդների, հավատարիմ մնալով իր նախընտրական խոստմանը, դեռևս 2021 թվականին իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ինչը Թուրքիայում մեծ դժգոհություններ առաջացրեց։ Բայդենը «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործեց նաև նախորդ տարվա ուղերձում։
Չափազանց կարևոր է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության փաստին տրված հասցեական գնահատականը, որը Թուրքիայի իշխանությունները փորձում են ամեն կերպ հերքել։ Միևնույն ժամանակ նկատենք, որ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հնչեցումը մնաց որպես գնահատական, որին չհետևեց որևէ գործողություն։
Добавить комментарий