Թուրքիան չի միանում Ռուսաստանի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան չի միանում Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցներին։ Ըստ «Դետք»-ի՝ Չավուշօղլուն այս մասին ասել է «TV-100» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պատասխանելով հարցին՝ ՆԱՏՕ-ն է ավելի մոտ, թե Ռուսաստանը, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան չի հրաժարվում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր հիմնական սկզբունքներից: «Մենք չենք միանում պատժամիջոցներին ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի դեմ»,- ասել է նա։
Չավուշօղլուն հակադարձել է Թուրքիայի ընդդիմության ներկայացրած մեղադրանքներին։ «Ինչո՞ւ պետք է միանանք պատժամիջոցներին: Ո՞րն է այդտեղ մեր շահը: Ինչո՞ւ պետք է հրաժարվենք անկախ քաղաքականությունից՝ որոշ մարդկանց հաճոյանալու համար»,- հայտարարել է նա։
Թուրքիայի գլխավոր դիվանագետը հավելել է, որ երկիրը վարում է լիովին անկախ արտաքին քաղաքականություն։ Նա ասել է, որ Թուրքիան արտաքին քաղաքականություն է վարում ամենուր՝ Ռուսաստանում, Պարսից ծոցի երկրներում, Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և այլն։
#Դետքի_հետագծով
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան վարում է բացառիկ հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից չի միանում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, մյուս կողմից՝ չի վատացնում Ուկրաինայի հետ իր հարաբերությունները։ Ստեղծված իրավիճակում երկիրը փորձում է առավելագույն օգուտներ քաղել, իսկ այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների խորացումը, որոնց հետ Թուրքիան ունի բազմաթիվ ընդհանուր շահեր։
Добавить комментарий