Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրել է, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք:
«Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում:
Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60.06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանի զինուժը նպատակ էր հետապնդում դուրս գալու Ջերմուկ քաղաքի վրա և տնտեսական լուրջ հարվածներ հասցնելու Հայաստանին:
Ընդ որում՝ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային, ռեակտիվ, հրետանային, նաև ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև տնտեսական ու քաղաքական օբյեկտներին: Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչև հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էին, այլև Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,- ասել է նա:
ԳՇ պետը նաև նշել է, որ այդ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանն ունեցել է և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստներ. «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում»:
Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց է տվել, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան, և որտեղ են հիմա դրանք գտնվում:
Добавить комментарий